Արցախի անկախությունը ճանաչելու եզրակացությունից հասկացա այն, ինչ գրված է՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե ինչ հասկացավ Արցախը ճանաչելու մասին նախագծի կառավարության եզրակացությունից, որը բազմաթիվ թյուրըմբռնումների տեղիք տվեց: «Ես հասկացա այն, ինչ գրված է, ես հասկացա շատ պարզ, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել արտգործնախարարության եզրակացությանը, իսկ այնտեղ գրված է, որ այս հարցի պատասխանը կախված է Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարությունների քննարկումներից՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև` արտաքին գործոնները»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը: Ըստ նրա հավելման` ՀՀ նախագահի հստակ արտահայտած կարծիքը, որ ՀՀ-ն կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, մնում է ուժի մեջ: «Մենք խաղաղ կարգավորման կողմնակից ենք, մենք չենք ուզում պատերազմ, չենք սկսել պատերազմ, բայց եթե Ադրբեջանը փորձի ռազմական, ագրեսոր ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, եթե Ադրբեջանի իշխանությունները նոր պատերազմ հրահրեն Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի նկատմամբ, Հայաստանը կիրականացնի այն քայլերը, որոնց մասին խոսել էր ՀՀ նախագահն ամիսներ առաջ»,- պարզաբանել է ՀՀԿ խոսնակը` ճշգրտմամբ, որ «ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի ճանաչումը», և որ Երևանի կարծիքը չի փոխվել: ՀՀԿ խոսնակը նշեց, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակման կողմնակից է, բայց հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, նշանակում է՝ որևէ բանակցությունների մասին խոսելն արդեն անիմաստ է, եթե Ադրբեջանը գնում է դեպի պատերազմ: Իսկ եթե Ադրբեջանը գնում է դեպի պատերազմ` նշանակում է՝մերժում է ՄԽ համանախագահության ձևաչափը:
«Եվ այդ պայմաններում Հայաստանը կանի այն, ինչի մասին խոսել է ՀՀ նախագահը: Եվ բոլորը դրա մասին կիմանան ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարից»,- ասաց նա: Պատասխանելով հարցին, թե ինչ արտաքին ազդակներ է ստացել Երևանը, Շարմազանովը նկատեց, որ նույնն է մնում Երևանի այն կարծիքը, որ բանակցությունների համար պետք է իրականացվի 3 քայլ: Վստահության մեխանիզմների ներդրում, ընդհուպ մինչև՝ հետաքննություն, հասցեական գնահատականներ և երաշխիքներ` միջազգային հանրության կողմից, որ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա չի սկսի: ՀՀԿ խոսնակը նշեց, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արձագանքեց առաջարկներից 2-ին` հետաքննության և վստահության մեխանիզմների ներդրման մասով: «Երեք առաջարկից երկուսին ՌԴ արտգործնախարարը դրական ազդակ է հղել»,- նկատեց ՀՀԿ խոսնակը, այս ընթացքում առիթ ենք ունեցել համոզվելու, որ գոնե ԼՂ հարցում 3 երկրների հրապարակային գնահատականները համահունչ են: Ավելին` հայկական կողմերի առաջարկները, ընդհանուր առմամբ, ՄԽ երկրները դրական են ընկալում: